Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայերի, այլեւ ամբողջ աշխարհի խնդիրն է, քանի որ Ցեղասպանությունը ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում աշխարհում եւ ինչպես են որոշ մարդիկ վերաբերվում մյուսներին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուսաստանցի պատմաբան, քաղաքագետ Վլադիմիր Զախարովը:
Նրա խոսքով, 1915 թվականի ցեղասպանությունն ուղղված էր ոչ միայն հայերի, այլեւ բոլոր քրիստոնյաների դեմ, քանի որ «քրիստոնեական հավատքն ատելի էր նրանց համար»: Այսօր նույնպես, պատմաբանի կարծիքով, բազմաթիվ իրադարձությունների հիմքում հավատքն է. ԻԼԻՊ-ը, օրինակ, հայտարարել է, որ բոլոր ոչ մահմեդականները ենթակա են ոչնչացման:
Վլադիմիր Զախարովը Հայոց ցեղասպանության մասին իմացել է 10 տարեկանում: Ընդ որում, ինչպես ասում են, առաջին ձեռքից. Արդվինից փախած հայերը պատմել են, թե ինչ է այնտեղ կատարվել:
Բազմաթիվ երկրներ արդեն պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը եւ առաջիկայում, պատմաբանի խոսքով, նրանց թիվը կաճի: Բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ պետք է ինքնահոսի թողնել, հարկավոր է շարունակել այդ ուղղությամբ քայլերը: Օրինակ՝ այդպիսի քայլ կարող է համարվել Երեւանում մեկնարկած «Հայոց ցեղասպանություն 100. ճանաչումից հատուցում» խորագրով գիտաժողովը:
Մասնագետը նաեւ նշեց, որ Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ փաստաթղթեր կան, բայց դրանք փակ են: Իսկ վերջերս այնտեղ գիրք հրատարակեցին, որը, իբր, ցույց է տալիս Ցեղասպանությունը՝ ըստ օսմանյան փաստաթղթերի, որոնց համաձայն, ոչ մի Ցեղասպանություն էլ չի եղել: Գիրքը նույնիսկ անգլերեն են թարգմանել՝ ամբողջ աշխարհին ցույց տալու համար:
Պատմաբանի խոսքով, նման քայլերին պետք է պատասխանել. չի կարելի ձեռքերը ծալած նստել ու մտածել, որ այդ ամենն անցյալում է մնացել: Վլադիմիր Զախարովը վստահ է, որ Հայոց ցեղասպանության խնդիրն արդիական է նաեւ այսօր եւ պետք է հուզի ամբողջ աշխարհին:




























