Վերջին մեկ տարվա ընթացքում Չինաստանում դոլարային միլիարդատերերի քանակը 242 –ով ավելացել է, հիմա այդ երկրում ապրում է 596 մարդ՝ ավելի քան 1 մլրդ դոլարի կարողությամբ: Այսպիսով Չինաստանը՝ մեծությամբ աշխարհի երկրորդ տնտեսությունը, այս ցուցանիշով առաջին անգամ գերազանցել է ԱՄՆ –ին, որտեղ ապրում է 537 միլիարդատեր՝ փաստում է Hurun չինական հետազոտական ինստիտուտի կազմած վարկանիշը:
Ընդ որում Մեծ Չինաստանում, որը ՉԺՀ –ից բացի ներառում է նաեւ Հոնկոնգը, Թաիվանն ու Մակաոն, միլիարդատերերի թիվը հաշվետու ժամանակահատվածում 715 մարդ է կազմել:
Hurun տվյալներով, Չինաստանի այս տարվա ամենահարուստ մարդն է դարձել Վան Ցզյանլինը, Dalian Wanda Group դիվելոփերական խմբի սեփականատերը: Նրա կարողությունը մեկ տարում 52 տոկոսով աճել է՝ հասնելով 34.4 մլրդ դոլարի:
Անցած տարվա ամենահարուստ մարդը Ջեք Ման էր՝ Alibaba ինտերնետային հսկայի հիմնադիրը, որի կարողությունը Hurun –ը 22.7 մլրդ դոլար էր գնահատել: Ման այս տարի երկրորդ հորիզոնականում է՝ նրա կարողությունը 2.2 տոկոսով կրճատվել է, հայտնում է «ՌԲԿ»-ն:
Վանից ու Մայից բացի ցուցակի առաջին հինգ հորիզոնականներում տեղ են գտել նաեւ Ցզուն Ցինխոուն՝ Wahaha ըմպելիքների արտադրության կորպորացիայի ղեկավարը՝ 21.1 մլրդ դոլար կարողությամբ, Tencent Inc. ինտերնետային ընկերության հիմնադիր Մա Խուա Տենը՝ 18.8 մլրդ դոլար կարողությամբ ու չինական «Սթիվ Ջոբսը»՝ Xiaomi սմարթֆոնների հիմնադիրը Լեյ Ցզյունը՝ 14.4 մլրդ կարողությամբ:
Վարկանիշի բոլոր մասնակիցների ընդհանուր հարստությունը կազմել է 2.1 տրլն դոլար՝ ավելի շատ, քան Հնդկաստանի կամ Ռուսաստանին ՀՆԱ-ն:





























