Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության՝ Լոռու մարզի Ստեփանավանի քննչական բաժանմունքի պետ Վ. Կիրակոսյանին 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի կաշառք) առաջադրված մեղադրանքը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրեական գործի արդյունքում մասնավորապես պարզվել էր, որ Ս. Հովսեփյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, նյութերով անցնող այլ չարաշահումներ թույլ տված անձանց մասով քննություն չկատարելու համար Վ. Կիրակոսյանը նույն թվականի մայիսին Ս. Հովսեփյանից պահանջել է 2.448.000 ՀՀ դրամին համարժեք 8000 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն բանակցություններից հետո համաձայնության են եկել 3500 ԱՄՆ դոլարի շուրջ:
Այնուհետեւ 2008թ. մայիսի 23-ին իր աշխատասենյակում Վ. Կիրակոսյանը Ս. Հովսեփյանից ստացել է համապատասխանաբար 306.000 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար եւ 770 հազար ՀՀ դրամին համարժեք` 2500 ԱՄՆ դոլար:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2009թ. օգոստոսի 18-ի դատավճռով Վ. Կիրակոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ դատապարտվել ազատազրկման 7 տարի 6 ամիս ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:



















