Պետք է համալիր միջոցառումներ մտածել ԱՊՀ երկրների կախումը արտաքին շուկաներից նվազեցնելու ուղղությամբ ու մտածել նաեւ գործնական կապերը աշխուժացնելու մասին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում իր ելույթում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի նախագահի ելույթը տեղադրված է Կրեմլի կայքում:

«Այսօր մեր երկրների վրա մի շարք բացասական արտաքին գործոններ են ազդում: Երբ այս դահլիճ էինք գալիս այդ մասին խոսում էինք մեր որոշ գործընկերների ՝ այդ թվում Ադրբեջանի նախագահի հետ: Խոսքը եւ մեր մի շարք հիմնական արտահանվող ապրանքների գների անկման, եւ համաշխարհային տնտեսության մեջ նկատվող անորոշության, եւ շատ տարածաշրջաններում քաղաքական լարվածության աճի մասին է: Այս բոլոր հանգամանքները հանգեցնում են տարածաշրջանում տնտեսական աշխուժության դանդաղեցմանը:

Համագործակցության երկրների ընդհանուր ՀՆԱ-ն ինչպես նաեւ հիմնական կապիտալում արվող ներդրումները 2015 թ. առաջին կիսամյակում նվազել են: Մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը նույնպես նվազել է: Այս իրավիճակում անհրաժեշտ է արտաքին շուկաներից ազգային տնտեսությունների կախումը նվազեցնելու համալիր միջոցառումներ ձեռնարկել, մտածել նաեւ Համագործակցության ներսում գործնական կապերի աշխուժացման մասին»,- ասել է Պուտինը: