Եկեղեցին իր շրջանակից դուրս է եկել, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ եւ «Կրոնի մասին» ՀՀ օրենքով եկեղեցին պետք է վճարի իր հոգեւորականին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպես արձագանքեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ անդրադառնալով Կառավարության՝ հոկտեմբերի 15-ին կայացրած որոշմանը, ըստ որի ԶՈՒ-ում ծառայություն իրականացնող հոգեւորականներին այսուհետեւ վճարելու է պաշտպանության նախարարությունը:
«Մեր Սահմանադրությամբ եւ «Կրոնի մասին» օրենքով եկեղեցու գործառույթն է վճարել հոգեւորականներին: Եկեղեցին պետք է իր հավատացյալների հանգանակած գումարով կամ կամավոր նվիրատվություններով իրականացնի իր հոգեւոր ծառայությունը: Կա այստեղ նաեւ մեկ այլ խնդիր. Եկեղեցին դուրս է եկել սահմանադրությամբ սահմանված իր շրջանակից:
Բացի դրանից, եկեղեցին նաեւ եկամուտներ ունի: Թե ինչի վրա է ծախսում այդ գումարները, ոչ ոք չգիտի, մինչդեռ իրենց կայքում պետք է մանրամասն տեղեկատվություն տրամադրեն»,- ասաց Հրանուշ Խառատյանը՝ նշելով, որ եկեղեցին աստիճանաբար տեղափոխվում է պետության հովանու ներքո:
Մյուս կողմից, ազգագրագետը կարծում է, որ բանակում ծառայում են տարբեր կրոնների դավանող քաղաքացիներ, որոնց նկատմամբ անարդար է այս որոշումը:
Նշենք, որ ըստ որոշման՝ պաշտպանության նախարարության եւ Մայր Աթոռի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն սկսած 1997 թվականից Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր սպասավորները մշտական հիմունքներով հոգեւոր ծառայություն են իրականացնում ՀՀ զինված ուժերի զորամասերում: Ներկայումս նշված ծառայողների ընդհանուր թվաքանակը կազմում է 51 հոգեւորական, վերջիններս ծառայության դիմաց որեւէ վարձատրություն չեն ստանում` համապատասխան հաստիքների բացակայության պատճառով, որի կապակցությամբ նախատեսվում է հոգեւոր ծառայության դիմաց սահմանել ամսական կենսաապահովման ծախսերի չափերը, ինչպես նաեւ բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցում տրամադրելու կարգը:
Հոգեւորականներին տրամադրվելու է 125-300 հազար դրամ աշխատավարձ:





























