Արագածոտնի մարզում հոկտեմբերի 11-ին անկարգելով (պարաշյուտ) անհաջող վայրէջք կատարած, ՌԴ 27-ամյա քաղաքացի Մաքսիմ Բարոնովին հնարավոր է՝ տեղափոխեն Ռուսաստան: Այս մասին NEWS.am-ին ասաց Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը:

«Կինը, մայրը այստեղ են, ինֆորմացիա կա, որ որոշել են տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն»,- ասաց Արմեն Մուրադյանը:

Նա նշեց, որ Մաքսիմ Բարոնովը շարունակում է մնալ կոմայի մեջ, միացված է արհեստական շնչառության ապարատին:

Նշենք, որ ՌԴ քաղաքացին ընկնելու հետեւանքով ստացել է գանգուղեղային վնասվածք, կրծքավանդակի սալջարդ, կոնքի ոսկորների կոտրվածք:

Ավելի վաղ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել էին, որ 2015թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 14.28-ին, ՌԴ քաղաքացի 27-ամյա Մաքսիմ Բարոնովը անկարգելով (պարաշյուտ) անհաջող վայրէջք է կատարել Ապարան քաղաքի մոտակա լեռան լանջին, նրան հիվանդանոց են տեղափոխել անգիտակից վիճակում: