Թուրքիայի վարչապետին քրդական հարցի կարգավորման նախաձեռնության համար իր գոհունակությունն է հայտնել Թուրքիայում հայտնի երգչուհի Սեզեն Աքսուն։ Այս մասին տեղեկացնում է թուրքական CNN turk կայքէջը։

Մի քանի օր առաջ Թուրքիայում հայտնի երգչուհի Սեզեն Աքսուն զանգահարել էր Թուրքիայի վարչապետի նստավայր եւ իր գոհունակությունն էր հայտնել Թուրքիայի կառավարության կողմից հայտարարած քրդական հարցի կարգավորման նախաձեռնության համար։ Երգչուհին նշել է, որ ինքը զանգահարում է որպես հասարակ քաղաքացի եւ գտնում է, որ վարչապետի այս քայլը խիզախ է եւ շատ կարեւոր։

Ի պատասխան, Թուրքիայի վարչապետ Էրդողանը զանգահարել է Սեզեն Աքսուին եւ շնորհակալություն հայտնել նման մոտեցման համար։ Վարչապետ Էրդողանը նշել է, որ իրենք ծանր գործ են սկսել եւ անպայման դրա տակից դուրս են գալու։

NEWS.am-ը հիշեցնում է, որ Թուրքիայում մեծ հռչակ վայելող Սեզեն Աքսուն իր երգացանկում ունի հայերեն երգեր։ Նա բազմաթիվ անգամ կատարել է հայերեն երգեր։

Մի քանի տարի առաջ, երբ Սեզեն Աքսուն պետք է համերգներով հանդես գար Բաքվում, այնտեղ նրան չընդունեցին, քանի որ նրա երաժշտախմբում կա հայազգի երաժիշտ։

Այս տարի մինչ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Թուրքիա այցելելը՝ Թուրքիայում եթեր գնաց հայերեն լեզվով ռադիոծրագիր, որի բացմանը երգել է Սեզեն Աքսուն։