Զամբիայի նախագահ Էդգար Լունգուն կոչ է արել երկրի քաղաքացիներին աղոթել ազգային արժույթի՝ կվաչիի վերականգնման համար: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:

Զամբիայի բնակիչները, որոնց 80 տոկոսը քրիստոնյաներ են, պետք է աղոթեն կիրակի՝ հոկտեմբերի 18-ին, երբ նշվում է գլխավոր ազգային տոնը: Այդ օրը երկրում կփակվեն բոլոր բարերը, գիշերային ակումբները եւ զվարճանքի այլ հաստատությունները, ինչպես նաեւ չեղյալ կհայտարարվեն ֆուտբոլի ազգային ասոցիացիայի խաղերը:

Նախագահի նախաձեռնությունը պառակտել է հասարակությունը: Մի շարք գործիչներ խոստացել են հետեւել նախագահի կոչին: Միաժամանակ Զամբիայի ցեղախմբերից մեկի առաջնորդը իշխող Հայրենասիրական ճակատի անդամներին «ապուշ» է անվանել, հաղորդում է CNBC-ն:

«Հանուն ինչի՞ պետք է աղոթենք, հանուն տնտեսական հրաշքի՞: Միթե Աստված է մեզ ուղարկել այս դժբախտությունները»,-ասել է նա:

Նշենք, որ տարվա սկզբից կվաչին դոլարի նկատմամբ արժեզրկվել է45 տոկոսով: Փոխարժեքի անկումը պայմանավորված է պղնձի գների 20 տոկոսանոց անկումով, որը Զամբիայից արտահանվող գլխավոր ապրանքն է: