Բանտից փախուստի դիմած մեքսիկացի թմրաբարոն Խոակին Գուսմանը՝ Էլ Չապո (Կարճլիկ) մականունով, որի որոնումներով զբաղված են երկրի ուժային գերատեսչությունները, վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է Reuters-ը ՝ վկայակոչելով Մեքսիկայի կառավարությունը:

Իշխանությունների տվյալներով, Սինալոա նահանգում տեղակայված համանուն թմրակարտելի ղեկավարի ոտքն ու դեմքը վնասվել են: Գուսմանին բռնելու հատուկ գործողությունն իրականացվում է Մեքսիկայի հյուսիս-արեւմուտքում, Գուսմանի ծննդավայրից ոչ հեռու, հայտնում է Lenta-ն:

Ուժայինները հայտարարել են, որ ձգտելով խուսափել ձերբակալությունից, հանցագործը արագ թաքնվել է ու այդ ընթացքում վնասվածք ստացել: Ընդ որում նրանք չեն ժխտում, որ միջադեպը տեղի է ունեցել «դեմ առ դեմ ընդհարման» ժամանակ:

Գուսմանը հատուկ հսկվող բանտախցից փախել էր հուլիսին՝ հատուկ փորված թունելի միջով:

Մեքսիկայի իշխանությունները հուլիսի 14-ին հայտարարել են, որ պատրաստ են շուրջ 4 միլիոն դոլար վճարել այն տեղեկությունների համար, որոնք կօգնեն բռնել Էլ Չապոյին: