Արդեն մի քանի ամիս է, ինչ Եվրամիության երկրները փորձում են լուծել փախստականների ճգնաժամը, որի հիմնական պատճառներից մեկը Սիրիայի հակամարտությունն է։ Սակայն միգրանտների հարցում ընդհանուր քաղաքականություն մշակելու փոխարեն՝ ԵՄ երկրները միայնակ են գործում։ Օրինակ՝ Հունգարիան 175 կմ երկարությամբ պատ է կառուցել Սերբիայի հետ սահմանին, ինչն առաջ է բերել միջազգային հանրության սուր քննադատությունը, որը բազմիցս հնչել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից։ Այն մասին, թե ինչպես է կատարվածին արձագանքում Հունգարիայի հասարակությունը եւ որքանով է արդարացված պատի կառուցումը, NEWS.am –ի հետ զրույցում պատմել է անվտանգության քաղաքականության հարցերով փորձագետ, Հունգարիայի պետական ծառայության ազգային համալսարանի միջազգային հարաբերությունների եւ եվրոպական հետազոտությունների ֆակուլտետի դեկան Պետեր Տալասը։

Բեռլինի պատի անկումից հետո, թվում էր, թե աշխարհն այլեւս չի կանգնի այդ խնդրի առաջ։ Ձեր կարծիքով որքանով է արդարացված Հունգարիայի եւ Սերբիայի հետ սահմանին 175 կմ երկարությամբ պատի կառուցումը։

Երբ փլուզվում էր Բեռլինի պատը, ոչ ոք չէր մտածում, որ Եվրոպան կբախվի փախստականների նման մեծ հոսքի հետ։ Փախստականների վերահսկման եւ հաշվառման համակարգը նախատեսված չէր նման ալիքի համար, որը այսօր վրա է հասել է Հունգարիային եւ Գերմանիային։ Ակնհայտ է, որ այդ համակարգը փլուզվել է։ Եվ ԵՄ անդամ երկրներն իրենց որոշումները կայացրեցին։

Այդ լուծումներից մեկը դարձավ պատնեշ բարձրացնելը։ Բուդապեշտը չի ասում, որ դա լավագույն լուծումն է, բայց քանի դեռ Եվրոպան պատասխան չունի, այդ լուծումը բավարար է։ Հունգարիայի կառավարությունը կարող էր այլ կերպ վարվել, եթե Հունաստանի նման թույլ տար, որ փախստականների հոսքը անցնի իր երկրի տարածքով՝ չփորձելով անգամ  գրանցել նրանց։ Ես կարծում եմ, որ այդ որոշումը համերաշխ չէր լինի, քանի որ նման դեպքում մեկ պետությունը մյուսի վրա է բարդում փախստականների ընդունելության բեռը։

Վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ ներգաղթյալ  մուսուլմանների աճող հոսքը սպառնալիք է քրիստոնեական Եվրոպայի համար։ Դուք համամի՞տ եք այդ կարծիքին։

Հունգարիայի վարչապետը ներկայացնում է Հունգարիայի հասարակության մեծամասնության կարծիքը։ Իսկ Հունգարիայի հասարակությունը պահպանողական է, նրան բնորոշ է որոշակի գավառամտությունը։ Այդպես է եղել երկար տարիներ շարունակ՝ դեռ նախքան միգրացիոն ճգնաժամը։ Այդ առումով Հունգարիայի հասարակությունը չի տարբերվում Կենտրոնական կամ Արեւելյան Եվրոպայի այլ երկրներից։ Ակնհայտ է, որ Հունգարիայի հասարակությունը եւ քաղաքական վերնախավը կողմնակալ են։ Փախստականների հարցում նրանց տեսլականը ձեւավորվում է լրատվամիջոցներում տեղ գտած ուղղության միջոցով եւ հիմնված չէ սեփական փորձի վրա։ Որպես անվտանգության քաղաքականության հարցերով փորձագետ՝ ես համաձայն չեմ այդ կարծիքի հետ եւ կարծում եմ, որ իսլամականացման վախը չափազանցված է եւ բացարձակապես հիմնավորված չէ։

Ինչպե՞ս Դուք կբնութագրեիք փախստականներին։ Որտեղի՞ց են  նրանք։

Հունգարիա ժամանող փախստականների ճնշող մեծամասնությունը գալիս է  Սիրիայից, Աֆղանստանից եւ Կոսովոյից։ Սիրիացի եւ աֆղան փախստականների մեծ մասին թույլատրվում է փախստականի կարգավիճակ տալ, որովհետեւ նրանք փախչում են պատերազմից, իսկ Կոսովոյից ժամանած եւ բարեկեցիկ տնտեսական հնարավորություններ փնտրողները՝ ոչ։

Պատի կառուցումն ինչպե՞ս է անդրադարձել Սերբիայի եւ Հունգարիայի հարաբերությունների վրա։

Իհարկե, ոչ ոք սահմանից այն կողմ ուրախ չէ պատնեշ կառուցելու  համար։ Բայց Հունգարիայում մարդիկ դժգոհ են, որ տարանցիկ երկրները փախստականներին մի սահմանից մյուսն են ուղարկում՝ դրանով նպաստելով միգրացիոն հոսքի աճին։ Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է Եվրոպայի միասնական որոշումը։ Որոշում, որի դեպքում գլխավոր  դերակատարների, այսինքն՝ տարանցիկ, սահմանամերձ եւ ընդունող երկրների  շահերը համաձայնեցված կլինեն

Իսկ ի՞նչ կասեք հարցի բարոյական կողմի եւ միջազգային հանրության քննադատության մասին։

Ոչ ոք չի վիճում, որ, միջազգային իրավունքի եւ նորմերի համաձայն, փախստականները ապաստանի իրավունք ունեն։ Խնդիրն ավելի շուտ արտահայտում է այն հարցը, որ տալիս են ոչ միայն Հունգարիայում, այլ նաեւ Եվրոպայում։ Այն է՝ ի վիճակի՞ էր արդյոք փախստականների հսկողության եւ հաշվառման եվրոպական համակարգը միգրանտների ներկայիս հոսքի պարագայում բավարարել ունեցած ակնկալիքները։ Եթե Եվրոպան ամբողջովին փոխի ապաստան տրամադրելու իր համակարգը եւ փախստականների ճգնաժամը համարի ռազմավարական մարտահրավեր, որին առաջիկա մի քանի տասնամյակներում պետք է առաջնային ուշադրություն դարձնել, ապա այսօր միջազգային օգնություն չստացող բոլոր երկրները խնդրին այլ կերպ կմոտենան։

Զրուցեց Անի Աֆյանը