Ամերիկացի ամենահայտնի մարդիկ օգոստոսի 29-ին հավաքվել էին Լոս-Անջելեսում՝ մասնակցելու ԱՄՆ-ի հեռուսատատեսային ամենահեղինակավոր Emmy մրցանակաբաշխությանը: Թեւավոր կնոջ կերպարանքով Emmy ոսկյա արձանիկը խորհրդանշում է արվեստի եւ գիտության միասնությունը:

Տղամարդու լավագույն կատակերգական դերակատարման համար մրցանակի է արժանացել Ջիմի Պարսոնսը՝ «Մեծ պայթյունի տեսությունները» ֆիլմում խաղացած դերի համար: Մինչ այդ երկու տարի անընդմեջ Emmy մրցանակին արժանացել է Ալեք Բոլդուինը:

Ալ-Պաչինոն մրցանակի է արժանացել «Դուք չգիտեք Ջեքին» մինի-սերիալում կատարած դերի համար: Պաչինոն մարմնավորել է «Դոկտոր-մահ» Ջեք Գեւորգյանին:

Էրիկ Սթունսթրիթը («Ամերիկյան ընտանիք») եւ Ջեյն Լինչը («Երգչախումբ») Emmy-ի են արժանացել կնոջ եւ տղամարդու երկրորդական դերի լավագույն կատարման համար:

«Երգչախումբ» սերիալը ներկայացվել է մի քանի անվանակարգերում, այդ թվում՝ որպես լավագույն կատագերական հեռուստասերիալ:

«Ամերիկյան ընտանիքը» նույնպես առաջատար ֆիլմերի շարքում էր: Դերասանուհիների շարքում լավագույն դրամատիկ դերակատարման համար Emmy-ի արժանացավ Կայրե Սեդժվիկը, որի մրցակիցներն էին Ջենուարի Ջոնսը, Մարիշկա Հարգիտեյը, Ջուլիաննա Մարգուլիսը, Գլենն Քլոուզը եւ Քոննի Բրիտոնը:

Ամերիկյան ռեալիթի-շուոների ցանկում հաղթող ճանաչվեց «Լավագույն շեֆ-խոհարար» մրցույթը: Այն 13 անգամ առաջադրվել է Emmy մրցանակաբաշխությանը եւ այս անգամ ավելի բարձր գնահատականի է արժանացել, քան «Պարեր աստղերի հետ», «Նախագիծ «Պոդիում», «Ամերիկյան կուռք» նախագծերը:

Մրցանակաբաշխությունն, առաջին անգամ, սկսած 1976 թվականից,  հեռարձակվել է ԱՄՆ-ի ողջ տարածքում: