Լեռնային Ղարաբաղն ունի անկախության իրավունք: Այս մասին «Armenian Reporter» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ֆրենկ Փալոնեն:

Կոնգրեսմենը նաեւ նշել է, թե ԱՄՆ Պետքարտուղարությունը մշտապես առաջնային է համարել տարածքային ամբողջականության սկզբունքը, եւ ոչ թե ազգերի ինքնորոշման: «Բայց այս պարագայում Պետքարտուղարությունը սխալվում է, քանի որ Լեռնային Ղարաբաղը լրիվ իրավունք ունի անկախության: Հայաստանի խնդիրն է՝ փոխել Պետքարտուղարության դիրքորոշումն այդ ուղղությամբ»,- նշել է Փալոնեն: Ընդ որում, ըստ կոնգրեսմենի՝ դրան հասնելը չափազանց բարդ է. «Ես անձամբ կարծում եմ, որ ԱՄՆ-ը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը, բայց դրան հասնելը շատ դժվար է»: