Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող Նորիկ Սահակյանի փաստաբանի միջնորդությունները մերժել են:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեղադրյալի փաստաբան Հովիկ Արսենյանը հայտնեց, որ ինքը միջնորդել էր դադարեցնել քրեական հետապնդումն իր պաշտպանյալի նկատմամբ եւ ազատ արձակել:
«Իմ երկու միջնորդություններն էլ մերժվել են, քանի որ ըստ քննիչի՝ ապացույցներն ավելի քան բավարար են, որ գործն ուղարկվի դատարան: Հիմա մենք մեր պայքարը շարունակելու ենք դատավարության ընթացքում»,- ասաց Հովիկ Արսենյանը:
Նշենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության գործն առաջիկայում ուղարկվել է դատարան: Մեղադրյալների փաստաբանները, սակայն, պնդում են, որ գործը մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվում՝ միայն վկաների ցուցմունքների հիման վրա:
Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Հարազատները NEWS.am-ին պատմել էին, որ նրան նախ ծեծել են, ապա կախել։
Հիշեցնենք, որ ՊՆ Սեյրան Օհանյանի խոսքով՝ Հայկազի սպանությանը նախորդել է վեճը ծառայակիցների հետ, սպանության համար մեղադրվողները եղել են ալկոհոլի ազդեցության տակ։ Հարազատները կարծում են, որ նման հաշվեհարդարի պատճառն այն է եղել, որ Հայկազը չի ենթարկվել ինտիտուտում 4 ծառայակիցների ստեղծած վախի մթնոլորտին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թեւոսյանին եւ Նորիկ Սահակյանին, նրանք կալանավորված են:
Նույն դեպքով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության անգործությունը, որն էական վնաս է պատճառել), որի շրջանակում փետրվարի 16-ին կալանավորվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը։





























