Հոկտեմբերի 18-ին, ժամը 20.55-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Սպանդարյան եւ Երեւանյան փողոցների խաչմերուկում լուսացույցի տակ կանգնած «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայից մի տղամարդ է իջել եւ մոտենալով ծառայություն իրականացնող Ճանապարհային ոստիկանության ծառայողներին` հայտնել, որ իրեն դանակահարել են, դանակահարողը գտնվում է ավտոմեքենայում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ ոստիկանները նրան եւ ավտոմեքենայի վարորդին տեղափոխել են հիվանդանոց, իսկ ուղեւորին՝ ավտոմեքենայով, բերման են ենթարկել ոստիկանության Հրազդանի բաժին:

Բժշկական օգնություն ստանալուց հետո վարորդը նույնպես բերման է ենթարկվել բաժին:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.30-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, Հրազդանի Մյասնիկյան փողոցի թիվ 11 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, 51-ամյա Մեսրոպ Հ.-ն դանակով հարվածել է 40-ամյա Արթուր Մ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ, իսկ վիճաբանությունը կանխելու եւ դանակը խլելու նպատակով միջամտած 50-ամյա Սամվել Ե.-ն ձեռքի շրջանում նույնպես ստացել է վնասվածք:

Մեսրոպ Հ.-ն տվել է խոստովանական բացատրություն:

Արթուր Մ.-ին եւ Սամվել Ե.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: