«Ռուսական երկաթուղու» տնօրենի պաշտոնից Վլադիմիր Յակունինի հրաժարականն իմ նախաձեռնությամբ չի եղել, սակայն թոփ-մենեջերի համար դա անակնկալ չէր։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել է Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը։
«Որքան գիտեմ, հրաժարականը մի որոշ ժամանակ քննարկվել է, Վլադիմիր Իվանովիչի համար դա անակնկալ չի եղել։ Իսկ այն, որ նա սկզբում համաձայնել է սենատորի պաշտոնում առաջադրվել, իսկ հետո միտքը փոխել է․․․ Դա նրա անձնական գործն է»,- ասել է պաշտոնյան։
Ընդ որում, Իվանովի խոսքով, «Ռուսական երկաթուղու» նոր տնօրեն Օլեգ Բելոզերովը «վերջերս Դմիտրի Մեդվեդեւին տեղեկացրել է, որ ՌԵՈՒ-ն մտադիր է այնպես անել, որ 2015-ից մերձքաղաքային հաղորդակցությունը վնասով չիրականացվի»։ «Առաջին անգամ։ Նախկինում այդ դոտացիաների համար դաշնային բյուջեից բազմաթիվ միլիարդներ էին ծախսվում», - ասել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը։
Իվանովը նաեւ հայտարարել է․ «Երկաթուղային բեռնափոխադրման սակագները շարունակում են շատ բարձր լինել, ես կասեի՝ չափազանց բարձր»։ Այդ պատճառով, նրա խոսքով, «գործարարները ջանում են ամեն ինչ ավտոճանապարհներով փոխադրել»։





























