Կրթությունը ոչ թե ծախսային, այլ ներդրումների ոլորտ է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, «Համաշխարհային հմտություններ» մրցույթի շրջանակում ՀՀ մասնավոր հատվածի եւ ՄԿՈՒ ոլորտի համագործակցության լավագույն փորձի ներկայացման ժամանակ հայտարարել է Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Միջոցառման սկզբում նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները մասնակցել են մասնագիտությունների ցուցահանդեսին:

Նախարարը նշել է, որ երկար տարիներ միջին մասնագիտական կրթության ոլորտը թերագնահատված է եղել:

«Վերջին տարիների զարգացումները ցույց են տալիս, որ առանց այս ոլորտի որակյալ կրթական ծրագրերի անհնար է պատկերացնել մեր երկրի իրական տնտեսական զարգացումը: Եվ այս զարգացումը դժվար կլիներ` առանց միջազգային կառույցների աջակցության: Ոլորտի վերակենդանացումը սկսվել է 2007-2008 թթ. ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի շնորհիվ, որին միացան մի շարք խոշոր միջազգային կառույցներ: Դրա շնորհիվ մեզ հաջողվեց ստեղծել շահառուների միջազգային կոնսորցիում այս ոլորտում: «Համաշխարհային հմտություններ» մրցույթն այս առումով մեզ համար հերթական հանգրվանն է: Ուրախ եմ, որ մեր ազգային թիմը մասնակցեց այս տարի Բրազիլիայում անցկացված մրցույթին, որի նպատակը մասնակիցների ֆիզիկական մասնակցությունը չէր, այլ այդ կազմակերպությունում մեր երկրի ներկայացվածությունը եւ հավակնությունները` անդամության առումով ավելի բարձր մակարդակ տեղափոխելը: Ոլորտում մենք մեծ ակնկալիքներ ունենք նաեւ մասնավոր հատվածից, առանց որի չի կայանա ոչ միայն «Համաշխարհային հմտություններ» շարժումը, այլ ՄԿՈւ ոլորտն առհասարակ:

Մասնավոր հատվածից մեր ակնկալիքները զուտ բարեգործական ակցիաները չեն. մեր իրական ակնկալիքները ներդրումներն են, այդ թվում նաեւ ծրագրային տեսքով: Իրականում կրթության ոլորտը ոչ թե ծախսային, այլ ներդրումների ոլորտ է: Մասնավոր հատվածի մասնակցությամբ յուրաքանչյուր ծրագիր ամենալավ ներդրումն է մարդկային կապիտալի զարգացման, ավելի լավ տնտեսության եւ հասարակության հեռանկար ունենալու գործում: Ուստի, մենք պատրաստ ենք ընդլայնել մեր համագործակցության դաշտը միջազգային կառույցների եւ մասնավոր հատվածի հետ` ապահովելով ոլորտի եթե ոչ սրընթաց, ապա հետեւողական զարգացումը»,-նշել է Արմեն Աշոտյանը:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաեւ ԳՄՀԸ "Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում" ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Կորնելիա Սկոկովը: "Համաշխարհային հմտություններ.  Հայաստան" ազգային փորձը ներկայացրել է ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն Տաթեւիկ Գասպարյանը:

Միջազգային փորձը ներկայացրել են ՌԴ եւ Գերմանիայի փորձագետները, որին հետեւել են քննարկումներ: