Սահմանադրական փոփոխությունների նախագծի նկատմամբ հասարակական հետաքրքրություն չկա, քանի որ այդ փոփոխություններից հասարակության մեծ մասը որեւէ լուրջ բան չի ակնկալում: Այս մասին այսօր` հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը` հավելելով, որ ընդդիմությունն այս փուլում թե քաղաքական, թե մարդկային, թե ֆինանսական եւ նույնիսկ աշխարահաքաղաքական լուրջ ռեսուրսներ առայժմ չունի:
«Արդեն ինֆորմացիաներ կան, որ բոլոր մարզպետներին ասված է, որ սկսեն ռեսուրսներ ներգրավել, որպեսզի ապահովեն ցանկալի արդյունք: Բողոքական ընտրազանգվածը ` մոտավորապես 60-65 տոկոս, կարող է իր խոսքն ասել հանրաքվեի ժամանակ, բայց իշխանություններն այդ ուղղությամբ էլ են աշխատում եւ կարող է ընդդիմությունն այստեղ էլ կորուստներ ունենալ»,-ասաց Վիգեն Հակոբյանը:
Նրա խոսքով, Սահմանադրական փոփոխությունների նախագծի դեմ պայքարող «Ոչ»-ի ճակատն ու «Նոր Հայաստանը» պետք է միասնական պայքար մղեն արդյունքի հասնելու համար:
«Ակտիվ քարոզարշավը ընթանալու է հեռուստատեսութան, լրատվամիջոցների միջոցով, սակայն դեռեւս ակտիվություն չի նկատվում: Բնական է, որ «ոչ»-ի կողմնակիցները փորձելու են արթնացնել բողոքական ընտրազանգվածին, բայց կարծում եմ, որ իշխանության համար նույնպես պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել, տեսնում են, որ ակտիվություն չկա եւ իրենք էլ են փորձելու հետաքրքրություն առաջացնել»,-ասաց Վիգեն Հակոբյանը:
Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6–ին: Սահմանադրական փոփոխությունների նախագծով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի եւ համամասնական 100 տոկոսանոց ընտրակարգի:





























