Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո Հայաստանն ավելի ժողովրդավարական երկիր է դառնալու։ Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք է հայտնել ՀՀԿ խմբակցության պատգամավոր լեւոն Մարտիրոսյանը:

«Սահմանադրության նոր նախագիծը հնարավորություն է ստեղծում ազատությունների, քաղաքական դաշտի ավելի կայացվածության, ընդդիմադիր կուսակցությունների դերի բարձրացման, հատկապես Ազգային ժողովում։ Համոզված եմ, որ ավելի ժողովրդավարական համակարգ ենք ունենալու»,- ասաց Լեւոն Մարտիրոսյանը։

Պատգամավորի խոսքով՝ Սահմանադրական փոփոխությունները հանրության խնդիրները չեն, այդ պատճառով է, որ հասարակությունն աժիոտաժային տրամադրություն չունի. «Սա քաղաքական էլիտայի խնդիրն է, իսկ քաղաքական էլիտան այնքան հասուն գտնվեց, որ այս պահին նախաձեռնեց Սահմանադրական փոփոխությունները»։

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն էլ, որը հոկտեմբերի 5-ին խորհրդարանում կողմ է քվեարկել փոփոխություններին, դեռեւս հստակ չի որոշել՝ դեկտեմբերի 6-ին ինչպես է քվեարկելու։

«Ես երկու նախաձեռնություն ունեմ, եւ դրանց քննարկումից հետո պարզ կլինի՝ ես ինչպես կքվեարկեմ։ Ամեն դեպքում հոկտեմբերի 5-ից առաջ էլ երկար մտածել եմ քվեարկության մասին»։

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նշանակված է դեկտեմբերի 6-ին։ Քարոզարշավը մեկնարկել է հոկտեմբերի 10-ից։