Հայաստանի Հարկադիր կատարման ծառայությունը  հետաքրքրված է  տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ոլորտում էստոնական փորձով, քանի որ  Էստոնիան այդ ոլորտում լուրջ առաջընթաց է արձանագրել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Էստոնիայի դատական կատարողների եւ սնանկության կառավարիչների  պալատի Պատվո դատարանի  նախագահ Ուրմաս Տարնոյի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը:

ԴԱՀԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը կարեւորել է Էստոնիայի դատական կատարողների եւ սնանկության կառավարիչների  պալատի հետ համագործակցության խորացումը եւ ընդլայնումը:

Միհրան Պողոսյանն այդ համատեքստում կարեւորել  է 2013 թ. մայիսի 16-ին ՀՀ հարկադիր կատարման ծառայության ու Էստոնիայի դատական կատարողների եւ սնանկության կառավարիչների պալատի միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, որով կողմերի միջեւ համագործակցության հիմքեր են ստեղծվել, եւ այսօր արդեն արձանագրվում են գործնական  արդյունքներ։        

Էստոնիայի դատական կատարողների եւ սնանկության կառավարիչների  պալատի Պատվո դատարանի  նախագահն իր հերթին կարեւորել է ՏՏ ոլորտում համատեղ գործնական ծրագրերի իրականացումը: Հանդիպման ընթացքում որոշում է կայացվել վերսկսելու Էստոնիայի արտաքին գործերի նախարարության կողմից հայտարարված մրցույթի շրջանակներում տրամադրվող դրամաշնորհային ծրագրի իրականացումը, որը կասեցվել էր 2013 թվականին: Եվրամիության հովանու ներքո իրականացվող երկկողմ համագործակցության հիշյալ ծրագիրը ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման բնագավառում Հայաստանի Հանրապետության եւ Էստոնիայի հարկադիր կատարողների վերապատրաստման դասընթացների անցկացում, առաջադեմ փորձի փոխանակում եւ գործնական կիրառում:

Ուրմաս Տարնոն  համոզմունք է հայտնել, որ  առաջիկա օրերին հնարավորություն կունենա տեղում առավել մանրամասն ծանոթանալ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման  հայաստանյան փորձին, ինչն ուսանելի ու պիտանի կլինի իր երկրի համար, ինչպես նաեւ գործնականում կկիսվի էստոնական փորձով: