Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի Կոլեգիայի նախագահի պաշտոնը Հայաստանի համար կարեւոր է թե քաղաքական, թե տնտեսական առումով։ Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Տիգրան Սարգսյանի՝ այդ պաշտոնում նշանակվելուն։
«Ինչպես գիտեք, այս պաշտոնը մեզ հասել է ռոտացիոն սկզբունքով: Մենք ենք առաջարկել Տիգրան Սարգսյանի թեկնածությունը, եւ ուրախ եմ, որ նրա թեկնածությանը համընդհանուր համաձայնություն են տվել։ Կարծում եմ՝ մենք լավ թեկնածություն ենք ներկայացրել, սա կարեւոր պաշտոն է մեզ համար թե քաղաքական, թե տնտեսական առումով»,- ասաց Լեւոն Մարտիրոսյանը։
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի համար էլ առավել կարեւոր է փաստը, որ նշանակված պաշտոնյան ամեն ինչ անի Հայաստանի համար։
«Ինձ համար առավել կարեւոր է, որ Տիգրան Սարգսյանը գործի Հայաստանի շահերի համար»,- ավելացրեց նա։
Նշենք, որ Հայաստանի նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանն օրերս նշանակվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի Կոլեգիայի նախագահ։




























