Հայաստանի համար արդիական է համայնքների խոշորացման խնդիրը, եւ այդ հարցում UNICEF-ի հետ համագործակցության շրջանակում պետք է քննարկել նաեւ համայնքներում մանկապարտեզաշինության ծրագիրը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) նորանշանակ ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի հետ հանդիպման ժամանակ նշել է
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի պլանավորման բաժնի ղեկավար Արթուր Այվազովը եւ UNICEF-ի ԱՌՆ ծրագրի պատասխանատու, ԱՌՆ ծրագրերի ղեկավար Տիգրան Թովմասյանը:
Տանյա Ռադոչան նշել է, որ UNICEF-ն ակտիվորեն աշխատում է նախարարության հետ թե’ արտակարգ իրավիճակների, թե’ տարածքային կառավարման ուղղություններով, հատկապես ուշադրության կենտրոնում են մարզային դպրոցներն ու երեխաները: Տ. Ռադոչայի խոսքով՝ UNICEF-ի գլխավոր նպատակներից է սոցիալական, կրթական եւ բժշկական ծառայությունները հնարավորինս մատչելի դարձնել երեխաների համար:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչը հատուկ շնորհակալություն հայտնեց նախարար Երիցյանին մարզերում սոցիալական պլանավորման հարցերում UNICEF-ին աջակցություն ցույց տալու եւ ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց համար գործատու հանդիսանալու համար:
Քննարկելով համայնքների խոշորացման ծրագրի իրականացման գործընթացը՝ տիկին Ռադոչան նշեց, որ իր երկրում՝ Խորվաթիայում, նույնպես արդիական է համայնքների խոշորացման խնդիրը, այս գործընթացը, նրա խոսքով, անշուշտ անհրաժեշտ է՝ համայնքների կառավարման եւ բյուջեի բաշխման գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար:
Նախարար Երիցյանը նշել է, որ համայնքների խոշորացման հարցում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում արդիական է քննարկել նաեւ համայնքներում մանկապարտեզաշինության ծրագիրը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռքբերվեց հետագա հանդիպման ժամանակ մանրամասն քննարկել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ իրականացվող Աղետների ռիսկի նվազեցման հաջորդ տարվա ծրագրի դրույթները:




























