Կանանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին պետք է երաշխավորված լինի օրենքով: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որն այդ նպատակով օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել խորհրդարանում:

Նա իր հայտարարությունում, մասնավորապես, նշել է.

«Այսօր շրջանառության մեջ եմ դրել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ներկայացման համար հիմք են ծառայել հետեւյալ հանգամանքները.

Հայաստանի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովում կին պատգամավորները 13-ն են, ինչը կազմում է խորհրդարանի 9.92%-ը, մինչդեռ համաձայն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 108-րդ հոդվածի  2-րդ մասի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության՝ կուսակցությունների նախընտրական ցուցակներն այնպիսի սկզբունքով են կազմվում, որ կանայք դրանցում առնվազն 20% մասնակցություն ունեն: Այսինքն, պատգամավորի կին թեկնածուների կեսից ավելին մանդատը զիջում է տղամարդկանց՝ ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու միջոցով, ինչով կանանց մասնակցությունն օրենսդիր իշխանությունում ընթացող քաղաքական գործընթացներին դառնում է ֆորմալ կամ սիմվոլիկ բնույթ կրող երեւույթ:

Հայաստանի քաղաքական համակարգի սխալ ձեւավորված ավանդույթ է դարձել կին թեկնածուներով կուսակցության ընտրական ցուցակի համալրումը եւ այնուհետեւ, կուսակցության խորհրդարան անցնելու պարագայում, կանանց կողմից ինքնաբացարկի դիմում ներկայացնելը եւ մանդատը հաջորդող համարներում գտնվող պատգամավորի տղամարդ թեկնածուներին փոխանցելը:

Այսպիսով, սույն նախագիծը նպատակ ունի այս արատավոր պրակտիկան օրենքի ուժով արգելելը, ինչպես նաեւ որպեսզի բոլոր այն դեպքերում, երբ կին պատգամավորն այլ պաշտոն է ստանձնում կամ հրաժարվում է մանդատից պատգամավորական գործունեության իրականացման ընթացքում, կրկին նրա մանդատը փոխանցվի ընտրական ցուցակում ընդգրկված հաջորդ կին թեկնածուին: Այսինքն, խորհրդարանում կպահպանվի կուսակցության ընտրական ցուցակով ձեւավորված՝ կանանց եւ տղամարդկանց միջեւ համամասնությունը:

Ներկայացված նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի պահպանել համամասնական ընտրակարգով ընտրված կանանց տեղերը կանանց համար: