Ռուսաստանի ներգրավումը Սիրիական ճգնաժամում առաջին հերթին տրամաբանական ձգտում է՝ երկրորդ պլան մղել ուկրաինական ճգնաժամը։  Այդ մասին հոկտեմբերի 19-ին մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ  Սերգեյ Մինասյանը՝ հավելելով, որ ուկրաինական ճգնաժամի արդյունքում Ռուսաստանը հայտնվել է բարդ իրավիճակում եւ յուրահատուկ մեկուսացման մեջ։  

Նրա խոսքով, Սիրիան եւ Իրաքը բոլորի դեմ պատերազմի մարտադաշտ են։  Մինասյանի տեսանկյունից, ստեղծված իրավիճակում Ռուսաստանին առիթ էր անհրաժեշտ՝ ցույց տալու, որ դեռ ի վիճակի է հարցեր լուծել։  «Եվ ոչ միայն տարածաշրջանային մակարդակում, այլեւ՝ տարածաշրջանի սահմաններից դուրս։  Սիրիայի իրավիճակը եւ Բաշար Ասադի իշխանությունը պահպանելու ձգտումը հարմար առիթ դարձան», - նշել է փորձագետը։ Նրա համոզմամբ, հակամարտությանը մասնակցելով՝ Ռուսաստանը նաեւ Եվրոպայի հետ մերձեցման ուղիներ է փնտրում։ 

«Այսօրվա դրությամբ ռուսական ավիացիան ոչ մի կորուստ չի ունեցել, բայց հակամարտության լուծման գործում էական արդյունքների էլ դեռ չի հասել, դրա համար էլ դեռ վաղ է խոսել հակամարտության ավարտի հեռանկարների մասին», - ընդգծել է Սերգեյ Մինասյանը։ Քաղաքագետի կարծիքով, Ռուսաստանը կարող է դեպքերի զարգացման երկու հնարավոր ուղի օգտագործել։ «Անհրաժեշտ է հասկանալ, որ Սիրիայում պատերազմը գլխավորապես տեղի է ունենում գետնի վրա եւ վաղ թե ուշ Ռուսաստանը ստիպված կլինի զորք մտցնել այդ երկիր կամ էլ իր ուժերն ամբողջությամբ հանել հակամարտության գոտուց, ինչը քիչ է հավանական, եթե նկատի ունենանք այն փաստը, որ Կրեմլը դեռեւս չի հասել իր նպատակներին», - պարզաբանել է նա։