Եգիպտոսի Պորտ Սաիդ քաղաքում հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Մուսա Լեռան հերոսամարտից փրկված եւ 1915-1919թթ. Եգիպտոսի Պորտ Սաիդ քաղաքում ապաստանած հայ գաղթականների հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացման արարողություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Եգիպտոսի Հայ դատի հանձնախմբի անդամ Արմեն Մազլումյանը:
Արմեն Մազլումյանը տեղեկացրեց, որ հուշակոթողը բացվել է Եգիպտոսի հայ համայնքի նախաձեռնությամբ, բացման արարողությանը ներկա են եղել Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը, Մուսա Լեռան հերոսամարտի 100-ամյակի հանձնախմբի նախագահ Եսայի Հավաթյանը, Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդներ ու հայ համայնքի ներկայացուցիչներ:
«Հուշակոթողի տեղադրմամբ Եգիպտոսի հայ համայնքը Եգիպտոսին եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց հայության համար դժվար օրերին ապաստան տալու, օգնելու համար»,-ասաց Արմեն Մազլումյանը:
Եգիպտոսի հայ հանձնախմբի անդամը տեղեկացրեց, որ հուշակոթողի բացման արարողությունից հետո տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերի հոգեհանգստայան արարողություն:




























