Ժողովրդի մեջ կարծիք է տարածված, որ մայրաքաղաքում կյանքն ավելի թանկ է, քան մարզերում: Այս հարցում մեր քաղաքացիներն իրավացի են: Չնայած կան նաեւ եզակի բացառություններ: Համեմատենք սննդամթերքի սեպտեմբերյան գները Հայաստանի այն քաղաքներում, որոնք ընդգրկվել են գների մոնիտորինգում:
Եվ այսպես՝ մայրաքաղաքի համեմատ՝ մարզերի քաղաքներում հացը շատ ավելի էժան է՝ 4-ից 20 տոկոսով: Միայն մեկ քաղաքում՝ Արտաշատում էր հացը թանկ խորհրդանշական 0.1 տոկոսով, ինչեւ կարելի է զուտ պատահականություն կամ սխալմունք համարել:
Մյուս ապրանքների խմբերի համար հաշվարկենք հասարակ միջին թվաբանական գները, ինչը նշանակում է համեմատությունների որոշակի պայմանականություն: Եվ այսպես մսի ու մսի ենթամթերքների խմբում «հակառեկորդը» դարձյալ մայրաքաղաքինն է: Օրինակ հանրապետության մյուս երկու քաղաքներում՝ Գյումրիում ու Վանաձորում, այս մթերքը շատ ավելի էժան է՝ 9 եւ 14 տոկոսով համապատասխանաբար: Ամենացածր գները Իջեւանում են, որտեղ այդ մթերքները միջինը 16 տոկոսով ավելի էժան են, քան Երեւանում:
Վերամշակված մսի ( այսինքն երշիկեղենի ու այլ մսամթերքի) գները երեք քաղաքներում ավելի բարձր են, քան Երեւանում: Հատկապես մեծ է տարբերությունը Վանաձորում, որտեղ այս մթերքները գրեթե 8 տոկոսով ավելի թանկ են, քան մայրաքաղաքում:
Պանրի հարցում իրավիճակը մարզերի օգտին չէ: Մի շարք քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Եղեգնաձորում ու Կապանում, պանրի տեսականին ընդհանուր առմամբ ավելի թանկ է, քան մայրաքաղաքում: Տարբերությունը կազմում է 09-ից մինչեւ 6.4 տոկոս: Բայց դրանով իսկ հերքվում է մարզերի քաղաքներում համատարած էժանության մասին վարկածը: Հետաքրքիր է, որ «Լոռի» պանիրը Վանաձորում (Լոռիի վարչական կենտրոնում), 13 տոկոսով ավելի թանկ է, քան հանրապետության մայրաքաղաքում:
Մրգերը մարզերի քաղաքներում ավելի էժան են, քան մայրաքաղաքում` 11 տոկոսից սկսած (Եղեգնաձոր) մինչեւ 29 տոկոս (Իջեւան) : Բանջարեղենի հարցում իրավիճակն այդքան միանշանակ չէ՝ Կապանում այն մոտավորապես 4 տոկոսով ավելի թանկ է, քան Երեւանում:





























