Սահմանադրական բարեփոխումների շուրջ ՀՀԿ քարոզչական շտաբը կգլխավորի Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո այս մասին լրագրողներին հայտարարեց կուսակցության խոսնակ, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին հանձնարարել է հանրապետությունում շտաբեր ձեւավորել եւ ղեկավարել դրանք՝ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի համար: Արդեն առաջիկա օրերին վարչապետը գործընկերների հետ կձեւավորի դրանք:

Շարմազանովի խոսքով, դրա համար վարչապետը ստիպված չի լինի արձակուրդ գնալ, քանի որ հանրաքվեների մասին Հայաստանի օրենսդրությունը թույլ է տալիս համատեղել կառավարության ղեկավարի եւ հանրաքվեի նախապատրաստման կազմակերպչի պարտականությունները:

Հարցին, արշավին ի՞նչ մասնակցություն կունենա նախագահը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Արշավն անցկացնելու է վարչապետը: Մեզ համար կարեւոր է, որպեսզի ամբողջ հասարակությունը կողմ լինի սահմանադրական բարեփոխումներին, բայց կարեւոր է նաեւ, որպեսզի գործընթացը համապատասխանի օրենքի տառին եւ ոգուն»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Հայաստանի Ազգային ժողովը հաստատեց Հայաստանի սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Դրանց հիմնական դրույթը կառավարման կիսանախագահական համակարգից խորհրդարանական համակարգին անցումն է: