Սահմանադրական բարեփոխումների օգտին առանձին քարոզարշավ անցկացնելու՝ ՀՅԴ որոշումը հարգանքի է արժանի: ՀՀԿ ԳՄ նիստից հետո այս մասին լրագրողներին ասաց կուսակցության խոսնակ, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Իսկ ՀՀԿ-ն պատրաստվում է ոչ միայն սեփական արշավը կազմակերպել, այլեւ խորհրդակցել բարեփոխումներին կողմ հանդես եկող քաղաքական այլ ուժերի հետ:
«ՀՀԿ-ն միշտ հանդես է եկել համագործակցության օգտին, եւ տարօրինակ կլիներ, եթե այս անգամ հակառակը որոշեինք: Դաշնակցության որոշմանը հարգանքով ենք վերաբերվում: Այն հայկական ավանդական կուսակցություններից մեկն է, այս տարի 125 տարեկան դարձավ: Կուսակցությունն ինքնուրույն որոշումներ է կայացնում, եւ ես չեմ կարող գնահական տալ դրանց»,- հավելեց Շարմազանովը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Հայաստանի Ազգային ժողովը հաստատեց Հայաստանի սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Դրանց հիմնական դրույթը կառավարման կիսանախագահական համակարգից խորհրդարանական համակարգին անցումն է:





























