Ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները բողոքի նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին՝ իրենց մտահոգությունը հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի պահվածքից:

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանը օգոստոսի 20-ին 4-էջանոց նամակ է ուղարկել պետքարտուղար Հիլարի Քլինթոնին՝ ներկայացնելով հայ համայնքի մտահոգությունը ԼՂ հարցում Բրայզայի վերջերս արած «կողմնապահ հայտարարությունների շուրջ»։

Ըստ Խաչիկյանի՝ Բրայզան «անարդար, ոչ ճշգրիտ եւ հակասական հայտարարություններ» է արել, որոնք արտացոլում են ԱՄՆ-ի վարչակազմի քաղաքական ուղեգծի տապալումը: «Այսօր՝ Օբամա-Բայդեն վարչակազմի աշխատանքի մեկնարկից 7 ամիս անց, մենք լրջորեն մտահոգված ենք, որ այս վարչակազմը հրաժարվել է իր պարտականություններից՝ արտաքին քաղաքականությունում արդյունավետ կերպով կյանքի կոչելով Հայաստանի վերաբերյալ ամեն մի որոշում այնպես, ինչպես թելադրում է Թուրքիան՝ չհետեւելով բարոյականության եւ ժողովրդավարության այն հիմնարար սկզբունքներին, որոնք Դուք, նախագահ Օբաման եւ փոխնախագահ Բայդենը միանշանակ քարոզել եք նախորդ տարի կայացած ձեր նախագահական քարոզարշավների ընթացքում»,- ասված է նամակում։

Խաչիկյանը նաեւ հավելել է, որ Բրայզան ադրբեջանամետ կողմնապահություն է անում: «Ծաղկաձորում իր ելույթի ժամանակ պրն Բրայզան մեկ անգամ եւս արեց մի շարք հայտարարություններ, որոնք բացահայտորեն հակասում են ԱՄՆ նախագահի խոստմանը՝ աշխատել Լեռնային Ղարաբաղի հարատեւ հակամարտության կարգավորման ուղղությամբ, որը շահավետ կլինի բոլոր կողմերի համար եւ որը հիմված կլինի Ամերիկայի՝ ժողովրդավարության եւ ինքնորոշման հիմնարար սկզբունքների վրա»,- նշել է հայազգի գործիչն ու հավելել, որ Մեթյու Բրայզան իր հայտարարություններում ադրբեջանական կողմից կատարված «զիջում» է համարում նույնիսկ այն, որ իբր նրանք համաձայնել են քննարկել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցը։