ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, հոկտեմբերի 19-ին, 20-ից ավելի ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագիծը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը ողջունել է հանրային խորհրդի անդամներին եւ նշել, որ պատրաստակամ է բաց եւ թափանցիկ կառավարմանն ուղղված համագործակցությանը նոր բովանդակություն հաղորդել՝ հաշվի առնելով նմանօրինակ ձեւաչափերով ունեցած հաջող փորձը: Արփինե Հովհաննիսյանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնել եւ ընդգծել, որ նրանց ունեցած դերով է պայմանավորված նաեւ տարբեր ծրագրերի հաջող ընթացքը: 

Անդրադառնալով նիստի օրակարգում ընդգրկված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ նախարարը նշել է, որ լրամշակումներից հետո առաջիկա օրերին այն արդեն կուղարկվի ՀՀ կառավարություն:

Նիստի ընթացքում արդարադատության նախարարի տեղակալներ Արսեն Մկրտչյանը եւ Սուրեն Քրմոյանը ներկայացրել են «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագիծն ու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության  oրենuգրքում  լրացումներ կատարելու մաuին» ՀՀ օրենքի նախագիծը, դրանցով նախատեսվող նոր կարգավորումներն ու հիմնավորումները:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց դիտարկումներն ու առաջարկներն են ներկայացրել նախագծերի որոշ դրույթների վերաբերյալ. դրանք նաեւ գրավոր տեսքով ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: