Առանց անաչառ ու թափանցիկ մաքսային գործընթացների գործարարները, ովքեր կուզենային ներդրումներ կատարել, կարող են երկմտել՝ չիմանալով, թե իրենց ինչ է սպասում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Երեւանում մեկնարկած մաքսային ընթացակարգերի վերաբերյալ 3-րդ աշխատաժողովի ժամանակ նշել է ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Քլարկ Փրայսը:
ԱՄՆ Առեւտրի դեպարտամենտի Կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագիրը (CLDP) եւ ԱՄՆ մաքսային ու սահմանապահ ծառայությունը ՀՀ Մաքսային ծառայության հետ համատեղ կանցկացնեն Մաքսային գնահատման, դասակարգման ու մաքսային ընթացակարգերի հարցերով երրորդ աշխատաժողովը: Այս եռօրյա աշխատաժողովին կմասնակցեն շուրջ 30 մաքսային պաշտոնյաներ, որոնց մեծ մասը ներկա են եղել նաեւ առաջին երկու աշխատաժողովներին: Աշխատաժողովը կվարեն ԱՄՆ մաքսային ու սահմանապահ ծառայության պաշտոնյաները՝ անդրադարձ կատարելով դասակարգման, մաքսային գնահատման ու մաքսային ստուգումների թեմաներին:
Այս ծրագրի նպատակը Հայաստանի մաքսային պաշտոնյաների մասնագիտական պատրաստվածության հետագա կատարելագործումն է եւ երկրի մաքսային գործընթացների համապատասխանության ապահովումը միջազգային մաքսային նորմերին ու գործելակարգին, որոնք մասնավորապես սահմանվում են Առեւտրի ու սակագների միջազգային համաձայնագրով (GATT), Առեւտրի համաշխարհային կազմակերպության Մաքսային գնահատման համաձայնագրով եւ Համաշխարհային մաքսային կազմակերպության ուղենիշներով:
«ԱՄՆ կառավարությունն հավատացած է, որ արդիական ու ներդաշնակեցված մաքսային ընթացակարգերը խիստ կարեւորվում են դեպի երկիր օտարերկրյա ուղղակի ներդրումներ ներգրավելու հարցում: Առանց անաչառ ու թափանցիկ մաքսային գործընթացների գործարարները, ովքեր կուզենային ներդրումներ կատարել, կարող են երկմտել՝ չիմանալով, թե իրենց ինչ է սպասում: Սակայն հստակ, բաց մաքսային ընթացակարգեր ձեւավորելով ՀՀ կառավարությունը մեծացնում իր գրավչությունը միջազգային ներդրումների համար»,- իր խոսքում նշել է ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Քլարկ Փրայսը:
Այս շարքի առաջին աշխատաժողովի ընթացքում, որը տեղի է ունեցել 2013թ. դեկտեմբերին, անդրադարձ է կատարվել գնահատմանը, գործարքի արժեքին, Ներդաշնակեցված համակարգի (HS) շրջանակում դասակարգման, առեւտրային ռեսուրսներին ու եկամուտների պահպանության հարցերին: Երկրորդ աշխատաժողովում, որը տեղի է ունեցել 2014թ. նոյեմբերին, դիտարկվել են հետեւյալ թեմաները. գործարքի արժեք, գործակալների նշանակում, ռոյալթիների ու եկամուտի գնահատում, նույնական կամ նմանատիպ ապրանքների գնահատում, ռիսկերի գնահատում ու կառավարում, արժեհաշվարկման դեդուկտիվ մեթոդ, հետբացթողումային հաստատում, հաշվարկված արժեքի մեթոդ եւ պահեստային մեթոդ:



























