Գիտատար ոլորտներն ու որակյալ աշխատուժն ավանդաբար հանդիսացել են Հայաստանի տնտեսական բարեկեցության հիմքը, եւ Հայաստանը ոչ առանց հիմքի կոչել են Խորհրդային Միության «Սիլիկոնային հովիտ»: Այս մասին, հոկտեմբերի 19-ին, Հայկական ՏՀՏ եվրոպայում ավտոարշավի շրջանակներում Բրյուսելում կայացած «Հայաստանի եւ Բելգիայի միջեւ համագործակցության հնարավորությունները» խորագրով գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է Բելգիայում ՀՀ դեսպան, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը:

Համաժողովը կազմակերպվել էր «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը, «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ»-ը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Բելգիայում ՀՀ դեսպանության եւ առեւտրական կցորդի, Վալոնիայի արտահանման եւ ներդրումների գործակալության, Ագորիա բիզնես ակումբի, Ֆլամանդրիայի ներդրումների եւ առեւտրի գործակալության, ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի աջակցությամբ:

Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ Բելգիայում ՀՀ դեսպան, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը՝ նշելով. «Տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտը Հայաստանի տնտեսության արագ զարգացող ճյուղերից մեկն է: Անկախությունից ի վեր մեր ձգտումն է եղել ձեւավորել ժամանակակից գիտության վրա հիմնված տնտեսություն` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ գիտատար ոլորտները, ինչպես նաեւ` որակյալ աշխատուժը, ավանդաբար հանդիսացել են Հայաստանի տնտեսական բարեկեցության հիմքը, եւ այն, որ Հայաստանը ոչ առանց հիմքի կոչել են Խորհրդային Միության «Սիլիկոնային հովիտ»:

Համաժողովի մասնակիցներին ողջունեցին Վալոնիայի արտահանման եւ ներդրումների գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Շանտալ Դե Բլուն, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն եւ «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ»-ի հիմնադիր Վահան Շաքարյանը:

Միջոցառման ընթացքում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի եւ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության կողմից ներկայացվեցին Հայաստանի, իսկ բելգիական Ագորիա բիզնես ակումբի ու Վալոնիայի «Աժանս դու Նումերիք» ընկերության կողմից` Բելգիայի տեղեկատվական եւ հեռահաղորդակցության ոլորտի զարգացման առանձնահատկությունները եւ միտումները, ինչը բացառիկ հնարավորություն ստեղծեց հայկական ընկերությունների համար` տեղում ծանոթանալու եւ գործընկերության հեռանկարային ծրագրեր քննարկելու ոլորտի պատասխանատուների հետ:

Եվրոպական միության ՓՄՁ գործադիր գործակալության կողմից ներկայացվեցին Ձեռնարկությունների եվրոպական ցանցը եւ COSME ծրագիրը, որոնք հնարավորություն են ընձեռում հայկական ընկերություններին` ստանալու ֆինանսական եւ խորհրդատվական աջակցություն` ՓՄՁ ոլորտում գործունեություն ծավալելու եւ համապատասխան ծրագրեր իրականացնելու համար:

Համաժողովին քննարկվեցին Հայաստանում եւ Բելգիայում ՏՀՏ ոլորտի առկա ձեռքբերումները, ՏՏ ոլորտում հայ-բելգիական համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները, իրականացվեց փորձի փոխանակում: Միջոցառման ավարտին հանդիպումներ կայացան Հայաստանը եւ Բելգիան ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչների միջեւ, որին հաջորդեց ՏՀՏ արշավի մասնակիցների եւ հյուրերի պատվին տրված ընդունելություն: