Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը ՀՀԿ-ն անցկացնելու է եւ առանձին, եւ այլ քաղաքական ուժերի հետ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
«Մենք նման համագործակցության կողմնակից ենք եղել միշտ: ՀՀԿ-ն բաց է համագործակցության համար: Փոփոխություններին կողմ արտահայտվող ուժերը միասին են պայքարում, սակայն քարոզարշավն այս պահին յուրաքանչյուր քաղաքական ուժ իր ձեւով է իրականացնում: Իսկ համատեղ քարոզարշավը քննարկման ենթակա հարց է»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Նրա խոսքով` ՀՀԿ-ն առաջիկա օրերին կկազմի իր ծրագիրը եւ կսկսի քարոզարշավը: Նշենք, որ խմբակցություններից փոփոխություններին կողմնակից են նաեւ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն:
Ինչ վերաբերում է հանրաքվեին, Մելիքյանը հույս հայտնեց, որ դեկտեմբերի 6-ին հանրության շրջանում էլ կոնսոլիդացիա կլինի եւ կքվեարկեն` հօգուտ փոփոխություններին:
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի է ունենալու դեկտեմբերի 6-ին, քարոզարշավն արդեն մեկնարկել է:





























