Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 22-ին կմեկնարկի իրանահպատակ ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանի հիվանդության հիմքով վաղաժամ ազատ արձակվելու գործի քննությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ցմահ ազատազրկվածի պաշտպան Գրիշա Բալասանյանը՝ ավելացնելով, որ առողջական խնդիրների պատճառով Քոչարյանը ներկա չի լինի նիստին:
Գրիշա Բալասանյանի խոսքով՝ գործը կքննի դատավոր Մնացական Մարտիրոսյանը:
Սողոմոն Քոչարյանի վիճակը, ըստ պաշտպանի, շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, Քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու մասին խոսք լինել անգամ չի կարող:
«Առողջական վիճակն այնպիսին է, որ ի վիճակի չէ տեղաշարժվել: ՔԿՀ չի տեղափոխվելու, այն վիճակում, որ Սողոմոն Քոչարյանն է գտնվում, հնարավոր չէ նույնիսկ հարկից հարկ տեղափոխել»,- նշեց Գրիշա Բալասանյանը՝ ավելացնելով, որ Սողոմոն Քոչարյանի մոտ հայտնաբերված մի քանի ծանր հիվանդությունները ազատում են վերջինին պատժի կրումից:
Սողոմոն Քոչարյանը ներկայումս գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Սրտաբանական բաժանմունքում:
Նշենք, որ Գրիշա Բալասանյանը դիմել էր Մարդու Իրավունքների պաշտպանին եւ Արդարադատության նախարարին, որպեսզի գործընթացն արագացվի:
Հիշեցնենք, որ դեռեւս 2015թ. օգոստոսի 20-ին «Էրեբունի» ԲԿ-ից Սողոմոն Քոչարյանի մորը տրամադրվել է որդու ախտորոշումը: Ըստ այդմ, 20 տարի անազատության մեջ գտնվող, պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշեմիկ կարդիոմիոպաթիա), ունի հետինֆարկտային խրոնիկ անեւրիզմա, հիվանդ է նաեւ կանգային թոքաբորբով: Այս հիվանդությամբ նա ենթակա է պատժից ազատման` համաձայն Կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկի:
Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել 1995թ.՝ Ւրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն Հայաստանում սպանելու համար, սակայն հետո պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: Սողոմոն Քոչարյանը 2-րդ կարգի հաշմանդամ է, ՀՀ սահմանների պաշտպանության եւ ԼՂՀ ազատագրական պայքարի ակտիվ մասնակից:





























