ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը համոզված է, որ Լեւոն Զուրաբյանի` Վենետիկի հանձնաժողովի կաշառելու մասին հայտարարությունը, անհիմն է եւ ՀԱԿ խմբակցության ղեկավարը չի կարող հիմնավորել այն:

NEWS.am-ի թղթակցի հարցին` եթե գլխավոր դատախազությունը դիմի ԱԺ-ին` Զուրաբյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով, ինչպես կվարվի իշխող կուսակցությունը, Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Լեւոն Զուրաբյանը նախ պետք է հիմնավորի իր անհիմն հայտարարությունը, որը, սակայն, երբեք չի կարող անել: Կարծում եմ` քաղաքական առումով նա սա արել է PR-ի նպատակով: Զուրաբյանի հայտարարությունը չհիմնավորված է, նա երբեք չի կարող հիմնավորել դա: Իսկ մնացածը իրավական դաշտում են»:

Հիշեցնենք, որ 2015թ. հոկտեմբերի 9-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, թե Հայաստանի հասարակությունը չի աջակցում սահմանադրական փոփոխություններին: «Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները շատ նեղ շրջանակ են. ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իր կողմց ստեղծված սահմանադրական հանձնաժողովը՝ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, որի միակ գործը եղել է կաշառել Վենետիկի հանձնաժողովին (ինքը զբաղվել է այնտեղ լոբբինգով, եւ մենք փաստեր էլ ունենք)»,- ասել էր Զուրաբյանը:

Դեպքով զբաղվում է ոստիկանությունը: