Որքան հաճախ եք գրում իմ՝ դեսպան դառնալու մասին, այդքան ավելի երկար եմ աշխատում ԿԳ նախարար: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկությանը, թե ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ դառնալուց հետո ինքն ԱՄՆ դեսպանի ամենահավանական թեկնածուն է:

Նա մասնավորապես, գրել է. «Սիրելի ֆեյսբուքահայեր,

Ի արձագանք այսօրվա ՀԺ հրապարակմանը, հայտնեմ, որ շարունակում եմ աշխատել որպես ԿԳ նախարար:

Այդ թեմայով խնդրում եմ, էլ հարցեր չտաք:

Հ.Գ. Հայ մամուլի պարադոքս. որքան հաճախ եք գրում իմ՝ դեսպան դառնալու մասին, այդքան ավելի երկար եմ ես աշխատում կրթության և գիտության նախարար»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հայկական ժամանակ» թերթի փոխանցմամբ, ԵՏՄ գործադիր մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Տիգրան Սարգսյանի նշանակվելուց հետո քաղաքական կուլիսներում քննարկում են, թե ով կարող է փոխարինել Սարգսյանին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում։

«Թեկնածուների թվում այս պահին ամենահավանականը դիտվում է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հաշվի առնելով, որ իշխանության ամենաբարձր օղակների հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերված, որ սահմանադրական հանրաքվեն անցկացնելուց հետո կրթության եւ գիտության նախարարի պորտֆելը տրվելու է Հայ հեղափոխական դաշնակցությանը։ Իսկ Աշոտյանը Սերժ Սարգսյանի սիրելի նախարարն է, եւ նրան, բնականաբար, համակարգից դուրս չեն թողնի։

Ի դեպ, այս ընթացքում քննարկվել է նաեւ Աշոտյանին հանրաքվեից հետո անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու տարբերակը»,-գրել է թերթը: