Տավուշի մարզպետարանի աշխատակազմի սոցապ եւ առողջապահության վարչության նորանշանակ պետ Նարեկ Վանեսյանն իր առջեւ 4 առաջնային խնդիր է դրել. վերացնել անվստահության մթնոլորտը, վերապատրաստել մարզային բժիշկներին, ծնունդով տավուշցի մասնագետներին հետ բերել մարզ, ինչպես նաեւ այլ մարզերի բժիշկների համար ստեղծել հարմարավետ պայմաններ:
«Մենք հիմք ենք ընդունել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահությունը սկսվում է Տավուշի մարզից: Մենք պետք է այնպիսի գրավիչ պայմաններ ստեղծենք, որ մասնագետները գան ու մեր մարզում աշխատեն: Բացի դրանից՝ մտադիր ենք կիրառել բարձր աշխատավարձի մոդելը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նարեկ Վանեսյանը, որը մինչեւ այդ զբաղեցնում էր Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը:
Վանեսյանի խոսքով՝ ինքը ԲԿ-ում 4,5 ամսվա ընթացքում հասել է շոշափելի արդյունքների, եւ հույս ունի նույն հաջողությունը գրանցել նաեւ մարզպետարանում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Քաղաքացիական ծառայության խորհրդում կայացել է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի սոցապ եւ առողջապահության վարչության պետի թափուր տեղի համար մրցույթ, որին հաղթել է միակ թեկնածու Նարեկ Վանեսյանը: Նա աշխատանքի է անցել հոկտեմբերի 12-ից: Այս պահին թափուր է Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը: Առաջիկայում մրցույթ կհայտարարվի:





























