Պաշտոնական վիճակագրության նախնական տվյալների համաձայն, սեպտեմբերին, այսպես կոչված, «առեւտրաշրջանառությունը» տարեկան կտրվածքով կրճատվել է 10.9%-ով: Այս ցուցանիշը, բացի մանրածախ ապրանքաշրջանառությունից, ներառում է նաեւ մեծածախ առեւտրուրն ու թեթեւ մարդատար մեքենաների վաճառքը:
Ներկայացնենք ընթացիկ տարվա հունվար-օգոստոսի ավելի մանրամասն տվյալները: Այդ ժամանակահատվածում «առեւտրաշրջանառությունը» կրճատվել է 5.4%-ով, այդ թվում մանրածախ ապրանքաշրջանառությունը՝ 6.8%-ով: Ելնելով այս հարաբերակցությունից՝ չի բացառվում սեպտեմբերին մանրածախ ապրանքաշրջանառությունում ֆիզիկական ծավալով երկնիշ անկումը:
Ընթացիկ տարում մանրածախ ապրանքաշրջանառության ծավալի կրճատում է նկատվում նաեւ ընթացիկ գներում: Այսպես, հունվար-օգոստոսին 3.0%-ի անկում է գրանցվել: Հետաքրքիր է, որ այդ ֆոնին նույն ընթացիկ գներում ծառայությունների շրջանառությունն աճել է 6.7%-ով: Ստացվում է, որ բնակչությունը սկսել է քիչ ծախսել ապրանքներ գնելու համար, եւ կտրուկ աճել են ծառայությունների համար ծախսերը: Իրականում, սակայն, հաշվի առնելով եկամուտների մասով բնակչության կտրուկ բեւեռացումը, պատկերն այլ է:
Մանրածախ առեւտրի ոլորտում բացասակա գործընթացները կարելի է բացատրել մասնավոր արտաքին դրամական փոխանցումների կտրուկ անկմամբ: Այսպես, հունվար-օգոստոսի տվյալներով, Հայաստանի ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները տարեկան կտրվածքով կրճատվել են 364.4 մլն դոլարով կամ գրեթե մեկ երրորդով (31.6%-ով): Նույն ժամանակահատվածում ամերիկյան դոլարը Հայաստանում ամրապնդվել է ավելի քան 16%-ով:
Արդյունքում դրամական փոխանցումների գումարը, մեր հայրենական արժույթի հաշվարկով, հունվար-օգոստոսին կրճատվել է 97.5 մլրդ դրամով կամ գրեթե 21%-ով: Սրանով էլ կարելի է բացատրել մանրածախ ապրանքաշրջանառությունում անկումը:
Արձագանքելով ապրանքների սպառման տեմպերի դանդաղեցմանը՝ մեր ձեռներեցները սկսել են կրճատել նաեւ դրանց պաշարները: Այսպես, սեպտեմբերի 1-ի դրությամբ, մանրածախ ցանցերում ապրանքների պաշարները տարեկան կտրվածքով կրճատվել են 10%-ով:





























