Ռուսաստանի Նեկլինովսկի շրջանի Սինյավսկոե գյուղի օգոստոսի 31-ին դաժան ծեծի հետեւանքով մահացած Ռաֆայել Խլղաթյանի հայրը՝ Սերգեյ Խլղաթյանն, արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռաֆայել Խլղաթյանի կինը՝ Վիկտորյան։

Սերգեյ Խլղաթյանը, որը դեպքից հետո գանգուղեղի փակ վնասվածքով, ծնոտի կոտրվածքով եւ կողերի ջարդվածքով տեղափոխվել էր հիվանդանոց, արդեն ամբողջությամբ ապաքինվել է եւ վերադարձել աշխատանքի:

Ինչ վերաբերում է դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությանը, Խլղաթյաններին իրավապահ մարմինները դեռ չեն հրավիրել բաժին:

«Մենք ոչնչից տեղյակ չենք, մեզ հետ դեռ կապ չեն հաստատել»,- ասաց Վիկտորյան:

Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 31-ի գիշերը Նեկլինովսկի շրջանի Սինյավսկոե գյուղի օրվան նվիրված միջոցառումների ժամանակ դաժան ծեծի էին ենթարկել Ռաֆայել Խլղաթյանին եւ նրա հորը: 22-ամյա Ռաֆայելը դեպքից րոպեներ անց մահացել էր, իսկ հայրը տեղափոխվել հիվանդանոց:

Ռաֆայելի կինը մեզ հետ զրույցում պատմել էր, որ ողբերգական դեպքի պատճառն այն է եղել, որ ամուսնու մեքենայի հայելին կպել էր գյուղի կոնտրոնում հավաքված երիտասարդներից մեկի հագուստին:

«Վերադառնալիս նրանց արդեն մեծ ամբոխ էր սպասում։ Նրանք երեւի հասկացել էին, որ այդ մարդիկ իրենց են սպասում։ Ռաֆայելը արագություն էր հավաքել, սակայն, կորցնելով ղեկի կառավարումը, սկսել էր հարվածել կայանած մեքենաներին։ 4 մեքենայի էր խփել, իսկ 5-րդի վրա առջեւի անիվը խցանվել էր: Երբ մեքենան կանգ էր առել, մարդիկ շշերով կոտրել էին ապակին եւ երիտասարդին ու հորը միջից դուրս բերել։ Հետո սկսել էին ծեծել»,- ասել էր Վիկտորյան: