Մենք՝ քաղաքական գործիչներս, գուցե հասկանում ենք, թե ինչու Ռուսաստանն ավելի կոշտ արձագանքներ չի հնչեցնում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ, սակայն հայ հասարակությունը, որը Ռուսաստանն ընդունում է որպես եղբայրական պետություն, այլ սպասումներ ունի: Այս մասին, հոկտեմբերի 19-ին, Ժնեւում Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումը տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում:

Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի մասին՝ Գալուստ Սահակյանը Սերգեյ Նարիշկինին տեղեկացրել է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը: ՀՀ խորհրդարանի ղեկավարը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանն սկսել է ավելի ծանր զինտեխնիկա կիրառել:

«Մենք՝ քաղաքական գործիչներս, գուցե հասկանում ենք, թե ինչու Ռուսաստանն ավելի կոշտ արձագանքներ չի հնչեցնում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ, սակայն հայ հասարակությունը, որը Ռուսաստանն ընդունում է որպես եղբայրական պետություն, այլ սպասումներ ունի»,-իր խոսքում նշել է Գալուստ Սահակյանը:

Սերգեյ Նարիշկինն իր հերթին նշել է, թե Ռուսաստանի մեծ ցանկությունն է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը ստանա շուտափույթ լուծում բացառապես խաղաղ ճանապարհով, եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները հնարավորինս բարելավվեն: