Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը վաղը՝ հոկտեմբերի 21-ին կհրապարակի «Վերնիսաժի» գործով դատավճիռը:
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին կայացած դատական նիստին դատարանն ավարտեց գործի դատաքննությունը եւ հեռացավ խորհրդակցական սենյակ:
Ամբաստանյալները հրաժարվեցին վերջին խոսքի իրենց իրավունքից:
Հայտարարությամբ հանդես եկավ միայն Վալերիկ Հովհաննիսյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանը, որը դատարանին հիշեցրեց, որ իր պաշտպանյալը երկրորդ վիրահատության կարիքն ունի եւ խնդրեց դա հաշվի առնել վճիռ կայացնելիս:
Հիշեցնենք, որ Գոռ Առաքելյանի համար դատախազը պահանջել էր 9, Վալերիկ Հովհաննիսյանի համար՝ 2 տարի 6 ամիս, Ներսես Մելքոնյանի համար՝ 2 տարվա ժամկետով ազատազրկման:
Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով:
Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 10-րդ, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 9-րդ, 113 –րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով (զենքի գործադրմամբ առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելը):
Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով(խուլիգանություն):




























