Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ եւ էներգետիկայի նախարար Կախի Կալաձեն առայժմ պատասխան չունի այն հարցին, թե Վրաստանը գազի ինչ լրացուցիչ ծավալ պիտի ստանա եւ ինչ գնով: 

Կախա Քալաձեն անառողջ էյֆորիա է համարել «Գազպրոմի» հետ կապված՝ ընդդիմության մտահոգությունները եւ պարզաբանել, որ Ադրբեջանը Վրաստանի պահանջարկը բավարարելու ռեսուրս չունի, դրա համար էլ Վրաստանը պիտի Ռուսաստանից ստանա գազի լրացուցիչ ծավալը: 

«Մենք հնարավորինս ուշադրություն չդարձրեցինք  այն անառողջ էյֆորիային, որի մեջ վերջերս ընկել էին   քաղաքագետներն ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները  «Գազպրոմի» հետ աշխատանքային հանդիպման պատճառով: Ինչո՞ւ լրացուցիչ ծավալներ չկան: Այդ հարցը պետք է Ադրբեջանին տալ: Ուրեմն ես ձեզ հարցնում եմ. Ադրբեջանն ինչո՞ւ է  «Գազպրոմի» հետ պայմանագիր կնքում, եթե նրանք ունեն նման ծավալ ներքին շուկայում օգտագործելու համար:  Ես չեմ կարող ասել, թե գինն ինչ է լինելու: Եթե ընդունելի լինի, մենք հավանաբար կիրականացնենք նախագիծը»,- ասել է Կախա Քալաձեն, տեղեկացնում է «Գրուզիա –On-line»-ը:

Քալաձեի խոսքով, «Գազպրոմի» հետ ներկայումս գործող պայմանագիրը ստորագրվել է  2003 թվին եւ մինչ օրս 21 լրացում է ձեւակերպվել սահմանված ժամկետը երկարաձգելու եւ տարբեր տեխնիկական հարցեր կարգավորելու նպատակով:    Նրա խոսքով, տվյալ ընկերության հետ արդեն մի քանի տարի շփում եւ պայմանագիր գոյություն ունի:  

«Նախ եւ առաջ դա լավ հայտնի է այն մարդկանց, ովքեր բոլորից բարձր էին գոռում դրա մասին:    «Գազպրոմի» հետ ներկայումս գործող պայմանագիրը ստորագրվել է 2003-ին եւ այդ ժամանակվանից ի վեր 21 լրացում է ձեւակերպվել սահմանված ժամկետի երկարաձգման եւ տարբեր տեխնիկական հարցերի կարգավորման նպատակով»,- ասել է Քալաձեն:

Նրա խոսքով, «Գազպրոմի» հետ առկա պայմանագրի շրջանակում մի քանի տարի շարունակ ամենամյա հանդիպումներ են տեղի ունեցել՝ ինչպես Սաակաշվիլիի իշխանության օրոք, այնպես էլ դրանից առաջ: 

«Բացի գազից, որը ձեռք է բերվել տարանցման գնով, նույնիսկ պատերազմից հետո Ռուսաստանից լրացուցիչ ծավալներ էինք ստանում: Բայց չգիտես ինչու, այդ փաստերը մոռացվում են, ոչ ոք դրանց մասին չի խոսում:  Քաղաքական բարոյականության ինչ-որ սահման գոյություն ունի, որը չպիտի անցնի նույնիսկ ամենամարգինալ, սնանկ քաղաքական գործիչը կամ քաղաքական կուսակցությունը: Պարզ է, որ ընտրությունների տարի է մոտենում, եւ քաղաքականապես սնանկ կուսակցությունները, քաղաքական գործիչները ջանում են հիշեցնել իրենց մասին»,- հայտնել է Կախա Քալաձեն: