Պաշտոնատար անձանց տների վրա հարձակումներ գործելու կամ այսպես կոչված «Բանդայի գործով» դատապարտյալների փաստաբանները 4-ամսյա ժամկետում կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին այսօր` հոկտեմբերի 20-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ստեփան Ոսկանյանը:

«Մեր բողոքը Վճռաբեկ դատարանը մերժել է եւ 4-ամսյա ժամկետում անպայման դիմելու ենք ՄԻԵԴ»,-ասաց Ստեփան Ոսկանյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ պաշտոնատար անձանց տների վրա հարձակումներ գործելու կամ այսպես կոչված «Բանդայի գործով» դատապարտյալների փաստաբանների բողոքը Վճռաբեկ դատարանը մերժել է:

Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 26-ին «Բանդայի» պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանին դատապարտեց 15, Դավիթ Գալստյանին եւ Սամվել Դավթյանին՝ նույնպես 15, Արթուր Մանուկյանին՝ 11 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման: Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի որոշումը:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը,  Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը եւ Սամվել Դավթյանը մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Ամբաստանյալները պնդում են, որ իրենք մեղավոր չեն, գործը բարդել են իրենց վրա: