Իրանի փոխնախագահի կողմից հնչեցրած Հայոց ցեղասպանություն արտահայտությունն առիթ է դարձել, որ Թուրքիայում դժվարություններ ստեղծեն իրանցի զբոսաշրջիկների համար: Իրանի փոխնախագահի այդ հայտարարությունից շատ չանցած, զարմանալի զուգադիպությամբ, Իրանից Հաքքարի-Էսենդերե մաքսակետով Թուրքիա մտած զբոսաշրջիկներով ավտոբուսներին Վանի Բաշքալե շրջանի Բեբլեշինի ժանդարմերիան թույլ չի տվել շարունակել ուղեւորությունը։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ թուրքական ժանդարմերիան պատճառաբանել է, թե զբոսաշրջիկներն իրենց հետ իրանական ապրանքներ են տանում։ Ժամերով անցակետում սպասող իրանցի ուղեւորները եւ վարորդները ստիպված բողոքի ակցիա են իրականացրել շրջանի քայմաքամի տան դիմաց եւ փորձել իրենց հարցերը լուծել։ Իրանցի վարորդները նշել են, որ իրենք սահմանը եւ դրանից հետո գտնվող 5 անցակետերը հանգիստ անցել են եւ միայն Բեբլեշինի անցակետում են նման խնդրի հանդիպում։ Վարոդները պնդել են, որ ուղեւորներն իրենց հետ միրգ եւ սնունդ են տանում, որը տեղավորվում է ամեն անձի համար թույլատրելի 430 եվրո արժողության մեջ։
Մոտ 300 հոգանոց իրանցիների խմբից 3 հոգի հանդիպել են շրջանի քայմաքամ Բիլգեհան Բայարի հետ եւ ներկայացրել խնդիրը։ Թուրք պաշտոնյան խոստացել է ուսումնասիրել խնդիրը եւ համապատասխան հանձնարարականներ տալ։
Նշենք, որ իր հերթին Իրանի ԱԳՆ-ն անդրադարձել է օրեր առաջ Վանում իրանական ավտոբուսի քարկոծման փաստին` նշելով, որ նման դեպքերը զգալի վնաս են հասցնում թուրք-իրանական հարաբերություններին։




























