Հոկտեմբերի 22-24-ը Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տեղի կունենա Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ռուսերեն հապավումը՝ ՄԳԻՄՕ) շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու 300-ից ավելի մասնակիցներ շուրջ 50 երկրներից:
Ֆորումի բացման արարողությանը ելույթներով հանդես կգան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ՄԳԻՄՕ-ի ռեկտոր, ակադեմիկոս Անատոլի Տորկունովը:
Ֆորումի ընթացքում քննարկվելու են նաեւ մի շարք տարածաշրջանային եւ համաշխարհային խնդիրներ:
Ֆորումի բացման արարողությանը կհաջորդի Արեւելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը եւ այդ առիթով «Հայփոստի» կողմից թողարկված նամականիշի մարման արարողությունը:
Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների առաջին եւ երկրորդ ֆորումները անցկացվել են, համապատասխանաբար, Բաքվում եւ Մոսկվայում:





























