Լիսաբոն-Դուբլին չվերթն իրականացնող ինքնաթիռում հարեւանին կծած եւ մահացած 24-ամյա ուղեւորի մարմնում դիահերձման ժամանակ մի քանի փաթեթ անհայտ նյութ են գտել:

Փաթեթներից մեկը բացված է եղել: Առաջիկայում բժիշկները թունաբանական փորձաքննություն կանցկացնեն ու կպարզեն տղամարդու մահվան պատճառը: Այս մասին հաղորդում է իռլանդական RTE հեռուստառադիոկորպորացիան:

Ըստ Lenta.ru-ի, ինքնաթիռի վայրէջքից հետո ոստիկաններն օդանավակայանում չվերթի ավելի քան 170 ուղեւորի են հարցաքննել եւ ձերբակալել են Պորտուգալիայի 44-ամյա մի քաղաքացուհու: The Evening Standard-ի փոխանցմամբ, ինքնաթիռում ամֆետամին է հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին թռիչքից հետո 24-ամյա Ջոն Սանտոս Գուրգաոն խուճապի պահին հարձակվել է հարեւանի վրա եւ կծել նրան: Անձնակազմի անդամները բռնել են ուղեւորին, իսկ օդանավի հրամանատարն արտակարգ վայրէջք է խնդրել իռլանդական Քորք քաղաքի օդանավակայանում: Որոշ ժամանակ անց տղամարդը վատ է զգացել եւ կորցրել գիտակցությունը: Օդանավի վայրէջքից հետո դեպքի վայր ժամանած բժիշկները երիտասարդի մահն են արձանագրել: