Կանադան կավարտի իր մասնակցությունը Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետության» խմբավորման դեմ իրականացվող ռազմական գործողություններին: Այս մասին հայտարարել է Կանադայի Ազատական կուսակցության առաջնորդ եւ երկրի վարչապետի պաշտոնակատար Ջասթին Թրյուդոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նախընտրական քարոզարշավի ժամանակ նա խոստացել էր իր կուսակցության հաղթանակի դեպքում Մերձավոր Արեւելքից դուրս բերել Կանադայի զորքեր: Հոկտեմբերի 20-ին նա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցում հաստատել է իր մտադրությունը:
ԱՄՆ նախագահը զանգահարել էր նրան, որպեսզի շնորհավորի ընտրություններում հաղթելու առթիվ: «Բայց նա հասկանում է, որ ես ավելի վաղ հայտարարել էի ռազմական առաքելությունն ավարտելու մասին»,-ասել է Կանադայի նոր վարչապետը:
Հիշեցնենք, որ 2014-ի սեպտեմբերին միջազգային կոալիցիան՝ ԱՄՆ գլխավորությամբ, ուժային գործողություն սկսեց ԻՊ-ի դեմ Իրաքում եւ Սիրիայում: Հոկտեմբերի 3-ին Կանադայի այն ժամանակվա վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել էր, որ իր երկիրը միանում է ԻՊ-ի դեմ ռազմական գործողությանը:




























