Փորձեք հասնել նորանոր բարձունքների օգտագործելով թվային տեխնոլոգիաները ձեր առօրյա կյանքում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Առաջնորդության Դպրոցում՝ «Նոր Հորիզոններ» թեմայով բաց դասի ժամանակ հայտարարել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նա բաց դասի մասնակիցներին ներկայացրել է բիզնեսի կառավարման ժամանակակից համակարգերը, խոշոր ընկերություններում աշխատելու միջազգային իր փորձը, կիսվեց հաջողակ լինելու եւ նպատակներն իրականություն դարձնելու իր անձնական օրինակով։
«Ժամանակակից տեխնոլոգիաները, ինովացիոն մոտեցումները դարձել են բիզնեսի զարգացման եւ կայացման խթանիչ ուժը, դրանք օգնում են արագ արձագանքել շուկայի միտումներին եւ բացահայտել նոր հորիզոններ։ Փորձեք հասնել նորանոր բարձունքների օգտագործելով թվային տեխնոլոգիաները ձեր առօրյա կյանքում՝ ի նպաստ Ձեր իսկ ապագայի։ Հուսով եմ, որ այսօրվա իմ բաց դասը կօգնի ձեր կյանքը դարձնել ավելի լավ եւ բացահայտել ձեր ուժեղ կողմերը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Առաջնորդության Դպրոցը կարեւորում է հնարավորությունների ստեղծումը երիտասարդների համար հաղորդակցվելու տարբեր տեսանկյուններ ունեցող տեսաբանների եւ կայացած գործիչների հետ։ Վստահ ենք, որ հանդիպումը Հայաստանի հզորագույն ընկերություններից մեկի առաջնորդը հանդիսացող պարոն Պյատախինի հետ եւ ծանոթությունը նրա մտքերին, փորձառությանն ու անցած ճանապարհին կարեւոր եւ ոգեշնչող ազդեցություն կունենա երիտասարդների աշխարհայացքի ու ապագա նախաձեռնությունների վրա», – նշեց Առաջնորդության Դպրոց Հիմնադրամի խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանը:
Նշենք, որ Անդրեյ Պյատախինը ներկայացրեց նաեւ իր մտքերը բիզնեսի, ինովացիայի եւ թվային ապագայի վերաբերյալ։ Հանդիպման մասնակիցները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները եւ ձեռք բերեցին նոր գիտելիքներ ու հմտություններ։





























