Հայաստանում հնարավորություն է ստեղծվել, որ մասնատված ընդդիմադիր դաշտը համախմբվի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհրդի անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանը՝ ներկայացնելով ճակատի ծրագիրը:

«Ի տարբերություն վերջին մի քանի նախագահական ընտրությունների՝ այժմ հնարավորություն է ընձեռվել ընդդիմադիր ուժերի համախմբման համար:  Ընդդիմադիր ուժերը, մոռանալով երկպառակություները, միավորվելու են կարեւոր խնդրի շուրջ, այն է՝ երկրում սահմանադրականության հաստատման եւ իշխանությունը զավթած հանցավոր բանդայի քրեական կառավարումից ազատվելու խնդիրը»,- ասաց նա:

Չուգասզչյանի խոսքով՝ այսօր բացառիկ առիթ է ստեղծվել՝ արմատական փոփոխությունների կատարելու համար. ընդդիմադիր ուժերը համախմբված են, փորձառություն են ձեռք բերում, ինչպես նաեւ իշխող կուսակցությունն ինքն է իր դեմ ծուղակ լարել՝ Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելով:

«Սահմանդրությունը կարող է իմաստ ունենալ միայն սահմանադրականության գործելու դեպքում, որը, սակայն, չի գործում: Թերեւս սա է պատճառը, որ ժողովրդի մեծամասնությունը բնազդորեն անտարբեր է Սահմանադրական փոփոխությունների նկատմամբ»,- ասաց նա:

Ճակատի մյուս անդամ, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ իրենք իշխանափոխություն են անելու եւ ապահովելու Հայաստանի ինքնիշխանությունը. «Մենք պետք է պատրաստ լինենք ամենաբիրտ եւ ամենանենգ հակազդեցությունների: Ռեժիմը սարսափում է հանրային գործիչների միասնությունից, միասնական ճակատով պայքարելու միասնականությունից»:

Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը պաշտոնապես ձեւավորվել է հոկտեմբերի 12-ին: Նրանք հայտարարում են, որ մինչեւ դեկտեմբերի վեցը իշխանափոխություն են անելու: