Հասարակությունը դիմելու է քաղաքացիական անհնազանդության Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունից առաջ եւ հետո: Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, սահմանադրական փոփոխությունների թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհրդի անդամ, «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է հենց անհնազանդությամբ պատրաստվում իշխանափոխություն անել «Նոր Հայաստանը»:
«Մենք չենք ուզում անկայուն իրավիճակ ստեղծել, պարզապես անհնազանդությունը իսկապես միակ գործիք է, որ մնացել է քաղաքական եւ քաղաքացիական ուժերի ձեռքում, թե ինչպես կարելի է արդյունավետ դիմադրել այս քաղաքականությանը: Հասարակությանն այլ տարբերակ չի մնում»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:
Նրա խոսքով՝ Սահմանադրությամբ է ամրագրված, որ ժողովուրդն ունի անհնազանդության իրավունք, իսկ Հայաստանը հայտնվել է այնպիսի իրավիճակում, երբ առանց հանրության ակտիվ մասնակցության՝ անհնար է դրական փոփոխություն կատարել:
Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը պաշտոնապես ձեւավորվել է հոկտեմբերի 12-ին: Նրանք հայտարարում են, որ մինչեւ դեկտեմբերի 6-ը (հանրաքվեի անցկացման օրը) իշխանափոխություն են անելու:





























