«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն իշխանափոխություն անելուց հետո ստեղծելու է ժողովրդի վստահության կառավարություն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ճակատի ծրագրի ներկայացման ժամանակ ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհրդի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Այս կառավարությունն ունենալու է 2 կարեւորագույն գործառույթ: Նախ եւ առաջ, մինչեւ արտահերթ ընտրությունների անցկացումը՝ կառավարությունը պետք է երկիրը պահի կայուն վիճակում, մասնավորապես ուժային կառույցների եւ պաշտպանության ոլորտի կայունությունն է կարեւոր, ինչպես նաեւ այս ընթացքում որեւէ օրենսդրական փոփոխություն չի լինելու: Երկրորդ՝ նոր արտահերթ ընտրությունների պետք է նախապատրաստվել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: 

Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը պաշտոնապես ձեւավորվել է հոկտեմբերի 12-ին: Նրանք հայտարարում են, որ մինչեւ դեկտեմբերի վեցը իշխանափոխություն են անելու: Ճակատին են միացել «Ժառանգությունը», «Հիմնադիր խորհրդարանը», Քաղաքագետների միությունը, «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը: